AM
20 August 2010 - 08:56 AMT

S.O.S Թեղուտը խնդրում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին համոզել ՎՏԲ-ին` Թեղուտի նախագծի ֆինանսավորումից հրաժարվելու համար

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող S.O.S. Թեղուտ խումբը, որի կազմում մտնում են հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առանձին քաղաքացիներ, դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դիմումը նախապատրաստված է Ռուսաստանի նախագահի սույն թվականի օգոստոսի 19-21-ին Հայաստան կատարած այցի համար:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին «ԷկոԼուր» ՀԿ-ն, ՌԴ նախագահին հասցեագրված նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ողջունում ենք շրջակա միջավայրի անվտանգության և կայուն զարգացման վերաբերյալ Ձեր հայտարարած քաղաքականությունը: Կարևորում ենք, որ Ռուսաստանը, ունենալով զգալի բնական ռեսուրսներ, գիտակցում է ապագա սերունդների առաջ իր՝ կայուն բնօգտագործման պատասխանատվությունը:

Մենք Ձեզ և ռուս ժողովրդի հետ միասին վշտակցում ենք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական հատվածում մասշտաբային հրդեհների և դժվար վերականգնվող անտառային զանգվածների ոչնչացման արդյունքում մարդկային և բնական կորուստների համար:

Մեր առջև էլ են կանգնած բնական ռեսուրսները կորցնելու մարտահրավերները: Հայաստանում աղետալի տեմպերով անհետանում է անտառը, աղտողտվում են ամենամաքուր ջրի աղբյուրները: Այդ կորուստները կրում է ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը:

Այս առումով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ռուսական Վնեշտորգբանկի գործունեության վրա, որը մտադիր է մոտ 300 միլիոն դոլարի վարկ տրամադրել Թեղուտի անտառում՝ Հայաստանի ամենավերջին կուսական անտառներից մեկում, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար:

Անկախ փորձագետները և հասարակայնությունը բազմիցս նշել են Թեղուտի նախագծի անհամապատասխանությունը ներպետական և միջազգային օրենսդրությանը, նրա տնտեսական անկարողունակությունը, էկոլոգիական անվտանգության սկզբունքների խախտումը, ջրային ռեսուրսների աղտոտումն ու կորուստը, սողանքային գործընթացների առաջացումը բարձր վտանգավորության օբյեկտների՝ պոչամբարի, թունավոր մետաղներ պարունակող լցակույտերի տեղակայման գոտում : ՎՏԲ-ի ղեկավարությունը հրաժարվում է երկխոսության մեջ մտնել հասարակայնության հետ, չի պատասխանում նամակներին, արհամարհում է հասարակական բողոքը՝ դիմելով ուժային մեթոդների:

Թույլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանին, որ ՎՏԲ-ի քաղաքականությունը բերեց նրան, որ հասարակայնության կոչով շատ կազմակերպություններ և մասնավոր անձինք հրաժարվում են ՎՏԲ-ի ծառայություններից, ինչը չի կարող չազդել այդ խոշոր ֆինանսական ինստիտուտի հեղինակության վրա:

Մենք նաև ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը և դրանից բխող այլ որոշումներ ներկայումս վիճարկվում են ինչպես ներպետական դատական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Մեծարգո պարո՛ն նախագահ, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դա, մեր համոզմամբ, ներկայիս սոցիալ-տնտեսական հարաբերությունների ոչ դյուրին իրավիճակում կարող է դրական դեր խաղալ մեր երկրների միջև վստահության ամրապնդման գործում»: