Օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տևեց հինգ օր:
Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաև Երևանից: Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` «Բռունցք», «Պետո», «Դուշման», «Հայդուկ», «Բեկոր» և այլն:
Բանակումին հրավիրված էին նաև ԱՄՆ-ի արևմտյան շրջանի ՀՅԴ երիտմիության երկու ընկերներ: Նրանք ազատ զրույցի շրջանակներում համառոտ ներկայացրեցին իրենց գործունեությունը Հայ Դատի և հայապահպանության ոլորտներում:
Ծրագրում ներառված էին արշավներ, ինտելեկտուալ և մարզական խաղեր, առաջին բուժօգնության դասընթացներ, երգի ուսուցում, խարույկահանդես, դասախոսություն-քննարկումներ: Հինգ օրվա ընթացքում մեկ անգամ ևս առիթ ընձեռվեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության բանակումին մասնակից ընկերներին բանակումի ժամանակ հանդիպել Դաշնակցության հասարակական-քաղաքական գործիչների ` Ալբեր Աճեմյանի, Ռուզան Առաքելյանի, Արա Նռանյանի, Արտաշես Շահբազյանի, Սարգիս Մկրտչյանի, Սիմոն Սիմոնյանի, Տիգրան Ջինպաշյանի և այլոց հետ: Վերոնշյալ ընկերների հետ Հայաստանի երիտասարդական միության ընկերները քննարկեցին «ՀՅԴաշնակցությունն ազգային ժողովում», «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսկան իրավիճակը և ՀՅԴաշնակցության դիրքորոշումները» և այլ թեմաներ:
Արշավի ընթացքում երիտասարդները մաքրեցին հինավուրց մատուռ-եկեղեցու տարածքը:
Բանակավայրում տեղի ունեցավ նաև թվով քսանհինգ ընկերների երդման արարողություն, որից հետո նրանք համալրեցին Հայաստանի երիտասարդական միության շարքերը:
Բանակումի վերջին օրը` ժամը 21:00-ին, Դիլիջան քաղաքի մի շարք պատանիներ հնարավորություն ունեցան մասնակցելու խարույկահանդեսին:
Մասնակիցները բանակավայրից հեռացան` իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, ծանոթություններ և անմոռանալի պահեր: