Սեպտեմբերի կեսերին տեղի կունենա դեպի Տաթևի վանք տանող ճոպանուղու փորձարկումը: Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Ամատունին, ճոպանուղու կառուցումն ավարտված է, սակայն տվյալ պահի դրությամբ Armenian Tree Project ՈԿԿ-ի հետ համատեղ նախատեսված են կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կառուցվում են ավտոկայանատեղեր:
Ըստ նրա, այս պահի դրությամբ ուղեվարձը դեռևս չի հաշվարկվել: 5,7 կմ երկարությամբ ճոպանուղին կդառնա աշխարհի ամենաերկար ուղևորատար ճոպանուղին: Առավելագուն արագությունը կկազմի 37 կմ/ժ, իսկ մեկ ուղղությամբ ուղևորությունը կտևի 11 րոպե: Մինչ այդ ռեվերսային ամենաերկար ճոպանուղին ԱՄՆ-ում գտնվող Սանտա-Ֆեի 4 կմ երկարությամբ ճոպանուղին էր: Ճոպանուղին կառուցում է շվեյցարական «Գարավենտա» ընկերությունը: Շինարարությունը սկսվել է 2009 թվականին, նախագծի իրականացման համար ծախսվել է շուրջ 13 մլն դոլար: Ճոպանուղու հանդիսավոր բացումը նախատեսվում է հոկտեմբերի 16-ին: