Հայաստանը կարևորում է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, բացի ռազմական համագործակցությունից, թիվ 5 Արձանագրությունն ամրապնդում է ՀՀ և ՌԴ միջև ռազմաքաղաքական դաշինքը: «Դա Հայաստանին ապագայում հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ զարգացնել բանակը, որոշել անվտանգության աստիճանը և դիմակայել սպառնալիքներին: Ռուսական ռազմակայանը գտնվում է վերակազմավորման փուլում, և մենք պատրաստ ենք համատեղ իրագործել Արձանագրության բոլոր դրույթները: Բայց այլ ռազմակայաններ Հայաստանի տարածքում չեն լինի»,- ասել է Օհանյանը:
Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու մասին թիվ 5 Արձանագրությունը ստորագրվել է օգոստոսի 19-ին Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի շրջանակներում:






