«Այսօր մենք բանակում բարեփոխումներ ենք իրականացնում, որոնց նպատակն է նպաստել մեր բանակի հետագա զարգացմանը: Այդ գործընթացի շրջանակներում մենք կարևորում ենք միջազգային փորձը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա չցանկացավ գնահատել ՀՀ բանակում տիրող իրավիճակը, նշելով, որ դա կարող են անել համապատասխան միջազգային կազմակերպությունները և փորձագետները: «Մենք հատուկ նշանակություն ենք տալիս մեր փորձին: Երբ մենք գնահատում ենք անցած ուղին, պարզ է դառնում, որ Հայաստանի Զինված ուժերի շատ հատկանիշներ հատուկ են աշխարհի ուժեղագույն բանակներին»,- ասել է Ս. Օհանյանը:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք տվյալ պահին անվտանգ է ծառայությունը զորակոչիկների համար, նա նշեց, որ չնայած Հայաստանի ԶՈւ հասցեին ուղղված քննադատությանը, բանակը լուծում է իր առջև դրված խնդիրները: Մեր բանակում ուսումնադաստիարակչական գործընթացը բավական լավ է կազմակերպվում, իսկ մեր սահմանների պաշտպանությունն արդյունավետ է իրականացվում»,- նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:






