Սեպտեմբերի 1-ին Հայաստանում, ինչպես բազում այլ երկրներում, նշվում է Գիտելիքի օրը: Պարզելու համար, թե որքան գումար է հարկավոր ծնողներին երեխային առաջին դասարան ուղարկելու համար, PanARMENIAN.Net-ի թղթակիցը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն միջինը կնվազի 25 000 դրամով:
Սկսենք դպրոցական պայուսակից, որի արժեքը տատանվում է 5000-10 000 սահմաններում: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը նվերներ է մատուցել մանկապարտեզին հրաժեշտ տվող երեխաներին` նրանց ապահովելով 3 500 դրամ արժողությամբ պայուսակներով, այնպես որ ծնողները կկարողանան տնտեսել գոնե այդ կարևոր դպրոցական պարագայի դեպքում: Երեխային ավանդական սև-սպիտակ համազգեստով ապահովելու համար կպահանջվի 4 000-5 000 դրամ: Կոշիկները ևս 4 000 դրամ և ավելին կխլեն կախված ծնողների հնարավորություններից:
Գրենական պիտույքները, որոնց գներն աճել են սեզոնային գործոնից կախված, արժեն` օրագիր-350 դրամ, գունավոր գրիչների հավաքածու-850 դրամ, մատիտներ-350 դրամ, քանոն-50 դրամ, մկրատ-500 դրամ, գունավոր թղթեր-150 դրամ, իսկ տետրերը, որոնց համար դպրոցում դրամ են հավաքում, որպեսզի բոլորը միանման լինեն, շուկայականից թանկ են նստում: Հարկավոր է ձեռք բերել նաև դասագրքերի կազմեր-850 դրամ, ինչպես նաև տետրերի կազմեր: Ուրախալի է միայն, որ առաջին դասարանների աշակերտների համար դասագրքերն անվճար կլինեն: