Վերջերս Հայաստանի ու ՌԴ միջև ստորագրված ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման մասին ստորագրված պայմանագիրը վկայում է այն մասին, որ հենց ռուսական կողմն է թելադրում խաղի կանոնները տարածաշրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի, այդ պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը: Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ Ռուսաստանը ղեկավարում է նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հարցում չի կարելի տարածքներ զիջել Ադրբեջանին: Ամեն դեպքում հարկավոր է շարունակել բանակցությունները և մեր կուսակցության համար ընդունելի կլինի խնդրի հանգուցալուծման այն տարբերակը, որին կհամաձայնվի ԼՂՀ-ն»,-ասել է կուսակցության նախագահը:
Սարգսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 17-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին: «Հայաստանի բնակչությունը ծանր սոցիալական վիճակում է և մենք պետք է մոբիլիզացնենք հայ հանրությանը այդ խնդիրը լուծելու համար»,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը:






