«ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության հանրային խորհուրդը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար»,- սեպտեմբերի 7-ին մամլո ասուլիսում հայտարարել է Ռադիոյի և հեռուստատեսության հանրային խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը:
Մրցույթին մասնակցելու համար հայտ չի ներկայացնելու Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
«Ինձ հնարավորություն են տվել ընտրել հեռուսատատեսության և ռադիոյի միջև, ես նախընտրել եմ ռադիոն, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է»,- ասել է Ամիրյանը:
Ալեքսան Հարությունյանն ավելացրել է, որ խորհրդի կողմից նախատեսվել է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի միավորման հեռանկար, և այդ դեպքում ղեկավարի տեղը կարող էր զբաղեցնել Արմեն Ամիրյանը, բայց քանի որ միավորում տեղի չի ունեցել, Ամիրյանը կղեկավարի Հայաստանի Հանրային ռադիոն: