AM
8 Սեպտեմբեր 2010 - 08:55 AMT

Հարություն Առաքելյան. ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը վերջնական լուծում կստանա

Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի ԳՎ-ում առանձնապես չի ազդի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, դա ընդամենը թույլ կտա որոշակի դիվիդենտներ ստանալ ներքին օգտագործման համար:

Իր հերթին Հարություն Առաքելյանն ասաց, որ Հայաստանը չի վախենում նման բանաձևերից` նշելով, որ բանաձևը հնարավորություն կտա հայտ ներկայացնել միջազգային դատարան և ապացուցել, որ 1988-94թթ. Ադրբեջանը ցեղասպանություն է գործել:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը` Առաքելյանը նշեց, որ Աստանայում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին հարցը վերջնական լուծում կստանա: Այդ համատեքստում նա նշել է, որ այդ որոշումը կարող է չհամապատասխանել Հայաստանի շահերին:

Մեկնաբանելով Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում սպառնալիք է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար` Մինասյանն ասել է, որ Վրաստանն իրավունք չունի միջամտելու այլ երկրների ներքին հարցերին: «Չեմ կարծում, որ այդ հայտարարությունը կամրապնդի երկու երկրների հարաբերությունները»,-ասել է Գագիկ Մինասյանը: