AM
8 September 2010 - 11:04 AMT

Վերանորոգման և տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքներ են կատարվել Նորատուսի խաչքարերի գերեզմանատանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համագործակցել Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հետ` որպես նախագծի գլխավոր հովանավոր:

Այս անգամ մի քանի կազմակերպություններ միավորեցին իրենց ուժերը` իրականացնելու համար Նորատուսի գերեզմանատան վերանորոգման և այդ բացառիկ պատմական վայրում բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքները: ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամի աջակցության շնորհիվ պատմական գերեզմանատունն այժմ պաշտպանված կլինի երկու մուտք ունեցող նոր ցանկապատով, նաև կունենա էլեկտրական լուսավորություն: Գիտակցելով Հայաստանում` տուրիզմի խթանման և մեր երկիր այցելողների համար անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծելու կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր աջակցությունը ցուցաբերեց գերեզմանոցի հարևանությամբ հանգստի կանգառի և արհեստների տաղավարի ստեղծման, ինչպես նաև բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման գործում:

«Խաչքարերի նման խտացումն այս փոքր հողակտորի վրա վկայում է մեր ժողովրդի աշխատասիրության և ստեղծագործականության մասին: Բայց, ամենակարևորը, արվեստի այս անգին նմուշների հետ հաղորդակցումը մեզ հզոր լիցք է հաղորդում` ևս մեկ անգամ հաստատելով, որ նախնիներից ստացած մեր ամենամեծ ժառանգությունը դա հայկական մշակույթն է և պատմական հիշողությունը` խտացված այս հինավուրց խաչքարերում: Մինչև մեր օրերը հասած` ազգային ինքնության այս ապացույցները մեզ պարտավորեցնում են հոգ տանել մեր սուրբ հողի մասին, սիրել և փայփայել այն»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանների մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: