AM
3 June 2003 - 17:42 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՆԻՍՏԸ

Այսօր Երեւանում բացվել է ԱՊՀ պետությունների հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների խորհրդի 14-րդ նիստը: Երկօրյա նիստի ընթացքում այլ հարցերի թվում նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, նախատեսվում է մշակել ԱՊՀ սահմաններով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխումը կանխելու համատեղ միջոցների իրականացման մեխանիզմ: Հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների ղեկավարները կքննարկեն նաեւ Ուկրաինայում հակաահաբեկչական ստորաբաժանումների համատեղ տակտիկական զորավարժությունների նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Նիստի մասնակիցենրը մտադիր են նաեւ փորձի փոխանակում կատարել էներգետիկայի եւ հանքահումքային համալիրի օբյեկտներում արտակարգ պատահարների նախազգուշացման ուղղությամբ աշխատանքի առնչությամբ: Նշենք, որ նիստի մասնակիցներին ողջույնի ուղերձով դիմել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: