AM
22 August 2001 - 17:42 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԱԴԱՄ ՇԻՖԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունեց Երեւան ժամանած ամերիկյան կոնգրեսի պատվիրակությանը, որը գլխավորում է ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը: Երկրի ղեկավարը տեղեկացրեց հյուրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի զարգացման մասին: Զրուցակիցները շոշափեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեման: Ադամ Շիֆը ու նրան ուղեկցող անձինք հանդիպեցին նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Զրույցի ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվեցին Հայաստանի ու Կալիֆորնիա նահանգի միջեւ համագործակցության հեռանկարները: Վարչապետը հույս հայտնեց, որ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի արդեն այս տարվա սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը եւ ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչները քննարկեցին նաեւ 1915 թվականի հայերի ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման թեման: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ կոնգրեսի կողմից ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը կօգնի խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Նրա խոսքերով` այդ քայլը կարող է ծառայել Հայաստանի` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը: Ադամ Շիֆը իր կողմից խոստացավ ջանք դնել, որ ԱՄՆ կոնգրեսում ձեւավորվեն հայկական հարցի արդարացի լուծման մասին օբյեկտիվ պատկերացումներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: