AM
14 Սեպտեմբեր 2010 - 11:37 AMT

Հայաստանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռոբերտ Սիմոնսին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր է ամրապնդել այն` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:

Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը եւ հույս հայտնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը լավ հնարավորություն է ընձեռում պատշաճ մակարդակի վրա պահելու համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադարձան այս օրերին Հայաստանում ընթացող տարերային աղետների հետեւանքների վերացման միջազգային ուսումնական վարժանքներին` որպես Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ արդյունավետ համագործակցության լավ օրինակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: