Ադրբեջանը չի տուգանվի այն բանի համար, որ հրաժարվել է մասնակցել տարերային աղետների հետևանքների լիկվիդացման վերաբերյալ ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժություններին: Այդ մասին Լուսակերտում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի սկզբունքը կայանում է նրանում, որ եթե դաշնակիցը ցանկանում է մասնակցել զորավարժություններին, ապա նա մասնակցում է, և նրան անհնար է բացառել: «Հայաստանը պարզ հասկացրել է, որ ողջունում է ադրբեջանցի փրկարարների մասնակցությունը զորավարժություններին, և դրանով հարցը փակված է»,- նշել է Սիմոնսը: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ անգամ Թուրքիան ուղարկել է իր փրկարարներին, չնայած Հայաստանի հետ բարդ հարաբերություններին:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր հերթին հույս է հայտնել, որ այն երկրները, որոնք չմասնակցեցին այս տարվա զորավարժություններին, անպայման ներկա կլինեն հաջորդ զորավարժություններին:
Հայաստանում ընթանում են տարերային աղետների հետևանքների վերացման ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են 333 փորձագետներ ու դիտորդներ 28 երկրներից և հինգ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև Հայաստանի 373 ներկայացուցիչներ:
Զորավարժությունների սցենարի համաձայն, սեպտեմբերի 11-ին Հայաստանի Կոտայքի մարզում ժամը 09:05-ին 7.2 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 12 հազար մարդ, 17 հազարը վիրավոր են: Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս են եկել ջրամատակարարման և կոյուղու, կապի, գազա- և էներգամատակարարման համակարգերը, հազարավոր մարդիկ անօթևան են մնացել:
Բացի դրանից վթար է տեղի ունեցել Աբովյան քաղաքի (Կոտայքի մարզ) քիմիական գործարանում, ինչի հետևանքով 4 տոննա քլոր է արտանետվել մթնոլորտ:
Սցենարի համաձայն Հայաստանն աշխարհի երկրներից խնդրում է օգնել իրեն` համապատասխան մասնագետներ և տեխնիկա ուղարկելով: