AM
15 Սեպտեմբեր 2010 - 12:03 AMT

Ժիրայր Սեֆիլյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակն անցել է»

«Սարդարապատ» շարժումը առաջարկում է ձևավորել առաջնորդների խումբ` սփյուռքահայերի մասնակցությամբ, որը կհամախմբի և իր հետևից կտանի, կառաջնորդի ժողովրդին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերի համաձայն, առաջնորդների այդ խումբը պետք է ձևավորվի ըստ կուսակցական պատկանելության: Դրանից հետո հայ ժողովուրդը իր կամքին պետք է ենթարկի երկրի ղեկավարությանը և ձևավորի ժողովրդական իշխանություն:

«Իշխանությունները եթե փորձեն բռնություն կիրառել, ապա ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու: Իսկ ինչպես պետք է իշխանությունը հեռանա` բռնի ուժով, թե առանց դրա, իրենք պետք է ընտրեն ուղին», – ասել է նա:

Ժիրայր Սեֆիլյանը նշել է նաև, որ խորհրդարանական սպասվող ընտրություններին ՀԱԿ ընդդիմադիր դաշինքը և «Ժառանգություն» կուսակցությունը հազիվ թե 7-ից ավելի տեղ զբաղեցնեն խորհրդարանում ` յուրաքանչյուրը, քանի որ ներկա իշխանությունն այդ թույլ չի տա: «Ես ոչ մի սպասելիք չունեմ ՀԱԿ սպասվող հանրահավաքից, քանի որ այդ ընդդիմադիր դաշինքը սխալ մարտավարություն է վարում, այսինքն` գնում է արտահերթ կամ հերթական ընտրությունների, այն դեպքում, երբ գիտակցում է, որ ընտրությունների միջոցով ոչինչ փոխել հնարավոր չէ», – ասել է Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա կարծիքով, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ բան է արել ընդդիմության համար, սակայն հիմա հասել է իր նման գործիչների ժամանակը, իսկ նախկին նախագահը միայն կարող է օգնել իրենց: