Այն պայմանները, որոնք «ԱրմենԹել» հեռահաղորդակցական ընկերությունը ցանկանում է կիրառել րոպեավարձով ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար, անընդունելի են: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին է հատարարել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշել է, որ «խնդիրն ավելի լուրջ է, եւ կապված է լիցենզիայի պայմանների կատարման ապահովման հետ»: Հարությունյանը ընդգծեց, որ Հայաստանի կառավարության եւ հունական OTE ընկերության միջեւ, որն «ԱրմենԹելի» 90% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում, ստորագրվել է երկկողմ զիջումներ ենթադրող փոխըմբռնման հայտարարագիր, «որը, սակայն չիրագործվեց կյանքում»: Նախարարը նշեց, որ համաձայն այդ փաստաթղթի Հայաստանի կառավարությունը պետք է վերանայեր ներդրումների ծրագիրը` չհիմնվելով ֆինանսական պահանջների վրա, իսկ OTE-ն, իր հերթին, պետք է որոշակի չափով հրաժարվեր կապի մենատիրությունից եւ որոշեր իր սակագնային քաղաքականությունը: Ինչպես հայտնում է Դ. Հարությունյանը, համաձայնագիրը ստորագրելուց հետո OTE-ի արված առաջարկությունը անընդունելի է կառավարության համար: Ըստ այնմ նախարարն ընդգծեց, որ «ներդրումներին վերաբերող ոչ մի որոշակի թիվ համաձայնագրում նշված չի եղել»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: