AM
8 August 2001 - 18:56 AMT

«ԱՐՄԵՆԹԵԼԻ» ՂԵԿԱՎԱՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՐՈՊԵԱՎԱՐՁԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Հայաստանում հեռախոսայի ծառայությունից օգտվելու համար րոպեավարձի կիրառումը սեպտեմբերին անխուսափելի է: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տրված հարցազրույցում հայտարարել է «ԱրմենԹել» հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը: Նա նշել է, որ ըստ այնմ սպասվում է միջազգային եւ բջջային կապի սակագների իջեցում: «Մինչեւ տարվա վերջ բջջային կապը կգործի Հայաստանի տարածքի 90%-ում»,- ասել է Գեորգուլասը: Նրա խոսքերով, միջազգային եւ բջջային հեռախոսային կապի ցածր սակագները կսկսեն գործել սեպտեմբերից` հեռախոսային ծառայությունից օգտվելու համար րոպեավարձի կիրառման հետ միաժամանակ: Ինչպես ընդգծել է «ԱրմենԹելի» գործադիր տնօրենը, րոպեավարձը կսկսվի 1 դրամից եւ աստիճանաբար կհասնի 8 դրամի 1 րոպեի համար:
Հիշեցնենք, որ ինչպես նախապես տեղեկացրել էր «Առկա» գործակալությունը, վկայակոչելով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի վարչությանը, «ԱրմենԹել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ բանակցությունների ընթացքում տվել էր սկզբունքային համաձայնություն Հայաստանում հեռախոսային խոսակցությունների րոպեավարձի կիրառման հետաձգման համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: