ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Դեսպան Բարտոլուի խոսքով, Պորտուգալիան մեծագույն հարգանք է տածում հնագույն քաղաքակրթության օրրան Հայաստանի նկատմամբ եւ համարում` բարեկամ երկիր: Նա Հայաստանի Նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ողջույնները` նշելով, որ Լիսաբոնում նոյեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին անհամբերությամբ են սպասում նախագահ Սարգսյանին:
Երկուստեք նշվել է, որ հայ-պորտուգալական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում տարբեր ոլորտներում ակտիվ փոխգործակցություն զարգացնելու առկա ներուժին: Ընդգծվել է հատկապես իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձեւավորումն ու զբոսաշրջության, առեւտրի, այլընտրանքային էներգետիկայի, էլեկտրոնային կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում փորձի փոխանակման, գործարար կապերի ակտիվացման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությանը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն յուրատեսակ կամուրջ է հանդիսանում հայ-պորտուգալական հարաբերություններում, եւ Հայաստանում միշտ էլ բարձր գնահատանքի է արժանացել Հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Պորտուգալիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ու նրա հովանու ներքո տեղի ունեցող բանակցությունները, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:






