AM
23 Սեպտեմբեր 2010 - 13:02 AMT

Պորտուգալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանին

Սեպտեմբերի 23-ին Պորտուգալիայի դեսպան Պեդրու Նունու Բարտոլուն (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին:

Շնորհավորելով պրն. Բարտոլուին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Արման Կիրակոսյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Պորտուգալիայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:

Քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:

Երկուստեք անդրադարձ կատարվեց հայ եւ պորտուգալացի ժողովուրդների պատմական առնչություններին, այդ թվում Գալուստ Գյուլբենկյանի հարուստ ժառանգությանը: Կողմերը հաստատեցին իրենց հանձնառությունը շարունակել աշխատանքները մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: