Հանուն Լեռնային Ղարաբաղի «ազատագրման» Ադրբեջանը պետք է օգտագործի իր բոլոր ռեսուրսներն, այդ թվում` նաեւ բանակը: Այդ մասին Բաքվի «Զերկալո» թերթին հայտարարել է Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար առաջադրված «Ադրբեջանի Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին: Նրա խոսքերով, ինչպես հաղորդոմ է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի անկախության 12 տարիների ընթացքում ձեւավորվել է բանակի որոշակի հիմնամաս, կա մասնագիտացված սպաների կորպուս: «Կարծում եմ, որ մեր կառավարման ընթացքում ռազմական գործողություններ առհասարակ չեն սկսվի, քանզի հակառակորդը` վախենալով մեր հետագա ուժեղացումից, ստիպված կլինի վերադարձնել օկուպացված տարածքները: Իսկ եթե պատերազմ սկսի, ապա այն կավարտվի ադրբեջանական բանակի կատարյալ հաղթանակով», հայտարարել է Ազգային ճակատի առաջնորդը: