AM
28 July 2001 - 15:09 AMT

ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԻ ՊԵՏԻՑ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ «ՄԵՐՍԵԴԵՍԸ»

«Ժամանակի ուղեկից» թերթը հետաքրքիր մանրամասնություններ է
հրապարակել Արաբկիր համայնքի էլեկտրացանցի պետ Կարեն Դարբինյանի ամառանոցի կողոպուտի մասին: Պարզվում է, որ բացի գողացված ինը հազար դոլարից եւ երկու հազար դոլար արժողության ոսկյա իրերից, հանցագործները վերցրել են նաեւ նոր «Մերսեդես S-500»-ը, որի շուկայական գինը անցնում է հարյուր հազար դոլարից: Մանրամասնությունն իրոք հետաքրքրական է, եթե նկատի ունենանք էլեկտրացանցի պետի պաշտոնական աշխատավարձի չափը: Այդպիսի մեքենա ձեռք բերելու համար` նրան անհրաժեշտ էր առանց փող ծախսելու աշխատել իր պաշտոնին իննսուն տարի: Թերթը եզրակացնում է, որ էլեկտրացանցի պետի համար հարյուր հազար դոլարը փող չէ: Ուշագրավ է, որ էներգետիկայի նախարար Կարեն Գալստյանը, «Գոլոս Արմենիի» թերթում այսօր հրապարակված հարցազրույցի ժամանակ, պնդում է, որ թույլ տրված խախտումների համար վարչական պատասխանատվության են ենթարկվել եւ տուգանվել` էլեկտրամատակարարման կազմակերպություններում աշխատող նյութական պատասխանատվություն կրող 191 անձ: Էներգետիկայի նախարարության վերջին կոլեգիայի ժամանակ` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին էլեկտրացանցի ձոռնարկությունների 16 ղեկավարներ: Նախարարի խոսքերով, նյութերը կփոխանցվեն հետաքննչական մարմիններին` համապատասխա միջոցների ձեռնարկման համար: Դատելով նրանից, որ Դարբինյանը «պատասխանատվության ենթակվածների» եւ «տուգանվածների» թվում չէ, կարելի է ենթադրել, որ նա արդեն հասցրել է աշխատել համակարգում 90 տարի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: