ԱՄՆ-ի Սենատի ֆինանսական հատկացումների ենթակոմիտեն հաստատել է 2002 թ-ին արտաքին օգնության մասին օրինագծի իր տարբերակը: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակում: Ըստ այդ փաստաթղթի` Հայաստանին պետք է հատկացվի 90 միլիոն դոլար: Ինչպես հայտնի է , Ներկայացուցիչների Պալատը հավանության է արժանացրել նախագիծը, որում նախատեսվում է Հայաստանին հատկացնել օգնություն 82,5 միլիոն դոլար: Օրինագծի վերաբերյալ վերջնական քվեարկությունը Սենատում կկայանա խորհրդարանական արձակուրդներից հետո: Ամերիկյան խորհրդարանի ստորին եւ վերին պալատները պետք է համաձայնության գան Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների վերաբերյալ վիճելի հարցի շուրջը: Նշենք, որ օրինագծի երկու տարբերակներն էլ ուժի մեջ են թողնում «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որն արգելում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով ֆինանսական օգնության ցուցաբերումը` մինչեւ Ադրբեջանը չդադարեցնի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: