Հայ-ռուսական հարաբերությունների անկյունաքարը Հարավային Կովկասի պաշտպանությունն ու անվտանգությունն է, ինչպես նաև դիմակայությունը նոր մարտահրավերներին: Այդ մասին Երևանում «Ռուսաստանը և Հայաստանը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ խնդիրներ և հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, ռուս-հայկական հարաբերությունները զարգանում և փոխակերպվում են աշխարհի շարունակվող աշխարհաքաղաքական վերաձևման պայմաններում: «Հայաստանը մի պետություն է, որը լուրջ ազդեցություն ունի ողջ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական կողմնորոշման վրա»,-ասել է Արեշևը:
Ռուս փորձագետը հիշեցրել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական գործընկերն ու դաշնակիցն է, առաջին հերթին՝ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում: Այս առնչությամբ Արեշևը կարևորել է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրության ստորագրումը: Նա նշել է, որ դաշնակցյաին հարաբերությունները ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև սկզբունքային նշանակություն ունեն Երևանի ու Մոսկվայի համար: «Ռուսաստանը ձգտում է պահպանել իր տնտեսական, քաղաքական և ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, նրա համար Հայաստանը անվտանգության կարևորագույն օղակներից է և արժեքավոր տարածաշրջանային դաշնակից: Անբարյացակամ շրջապատում գտնվող Հայաստանի համար Ռուսաստանը ազգային անվտանգության գլխավոր երաշխավորն է:






