AM
8 October 2010 - 11:33 AMT

Չեռնովցիի հայկական եկեղեցին 135 տարեկան է

Հոկտեմբերի 9-ին Չեռնովցիի հայ համայնքը կնշի Սբ. Պողոս և Պետրոս Առաքյալների հայկական եկեղեցու 135-ամյակը: Ինչպես հաղորդել է Չեռնովցիի մարզային «Արևիկ» հայկական ազգային-մշակութային ընկերակցության նախագահ Վիկտոր Դավիդովիչը, եկեղեցում տոնական պատարագ կմատուցվի, որին ակնկալվում է հայկական սփյուռքի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների ներկայությունը: Այնուհետև հայկական ավանդույթի համաձայն, մատաղ կարվի, իսկ միսը կբաժանվի, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Եկեղեցու շինարարությունը սկսվեց 1869 թվականին պատմական հայկական թաղամասում, իսկ 1875թ. հոկտեմբերի 9-ին չեխ ճարտարապետ Յոզեֆ Գլավկայի ստեղծագործությունը հանդիսավոր կերպով օծվեց ի պատիվ Սուրբ Պողոս և Պետրոս Առաքյալների: Հայկական եկեղեցու ճարտարապետական հորինվածքում Յոզեֆ Գլավկան օրիգինալ կերպով միավորել է ռոմանական, բյուզանդական և գոթական ոճերի տարրերը, որոնք բնորոշ են միջնադարյան բուկովինյան վանքերին` հայկական պաշտամունքային ճարտարապետության ավանդույթներով: