Դէմ չլինելով երկու հարեւան ժողովրդների եւ պետութիւնների միջեւ ազատ երկխօսութեանբ հարցերը լուծելու սկզբունքին, այդուամենայնիւ, մերժում ենք արտաքին ուժերի կողմից դրդուած, հանգամանքից զուրկ մարդկանց կողմից հետապնդուող եւ հայկական շահերից չմեկնող նման գործունէութիւնը: Ոչ ոքու արտօնուած չէ, երկու ժողովրդների միջեւ «հաշտութեան» շղարշի տակ, փորձել նսեմացնել ՀայաստանԹուրքիա յարաբերութիւնների հարցի տարողութիւնը եւ շրջանցելով Հայկական Ցեղասպանութեան Թուրքիայի կողմից ճանաչման հարցը, վտանգել նաեւ նրա միջազգային ճանաչման թափը եւ հայկական պահանջատիրութիւնը: Հաշտութիւն չի կարող իրականանալ առանց պատմական ճշմարտութիւնը ընդունելու: Հայ-թուրքական որեւէ երկխօսութիւն կարող է արդիւնաւորուել միա՛յն Թուրքիայի կողմից Հայկական Ցեղասպանութեան փաստը ընդունելուց յետոյ, որը սակարկութեան առարկայ չէ:
Հայաստան-Թուրքիա կամ հայ-թուրքական որեւէ երկխօսութիւն նաեւ ձախողութեան է դատապարտուած այնքան ժամանակ, երբ Թուրքիան շարունակում է Արցախի հարցի կապակցութեամբ իր կողմնակալ դիրքորոշումը եւ չի վերացրել Հայաստանի Հանրապետութեան շուրջ իր շրջափակումը: Արցախի հարցի խաղաղ կարգաւորման բանակցութիւնների ներկայ հանգրուանում, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները առ երեւոյթ բարելաւելու այս նախաձեռնութիւնը նպատակ ունի` Թուրքիային մասնակից դարձնել բանակցային գործընթացին եւ ճամբայ հարթել նրա դէպի Արեւելք քաղաքական ազդեցութեան ծաւալմանը: «Հաշտութեան» անուան տակ, ըստ էութեան, վտանգաւոր այս նախաձեռնութիւնը նպաստում է միայն Թուրքիայի եւ իր բարեկամների դիրքերի ամրապնդմանը` ընդդէմ Հայ Դատի եւ ի հաշիւ Հայաստանի ազգային անվտանգութեան:
Հ.Յ.Դաշնակցութիւնը բացարձակապէս մերժում է արկածախնդրական այս գործունէութիւնը եւ ՀՀ պատկան իշխանութիւններից պահանջում է` յստակեցնել իր դիրքորոշումը այս եւ նմանօրինակ նախաձեռնութիւնների նկատմամբ, որոնք բացառապէս կոչուած են ապակողմնորոշել Հայաստանի Հանրապետութեան քաղաքականութիւնը տարածաշրջանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: