Հոկտեմբերի 14-ին Մանկապատանեկան ֆիլմերի VI փառատոնի շրջանակներում Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ անիմատոր և ռեժիսոր Հարրի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» (2010) նոր մուլտֆիլմի պրեմիերան: Ռեժիսորը նաև վարպետության դաս կանցկացնի Երևանում և կհանդիպի Գյումրու մանկատան սաների հետ:
Փառատոնի կազմակերպիչները բազմաթիվ բարեգործական ակցիաներ են նախապատրաստել, որոնց շրջանակներում դպրոցների աշակերտներին, անապահով ընտանիքների երեխաներին ու մանկատների սաներին փառատոնային ծրագրի ֆիլմերի 9600 տոմս է տրամադրվել: Այդ մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Ռոլան Բիկովի հայկական հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը: Այդ ծրագրի շրջանակներում Ռուսական մանկական կլինիկական հիվանդանոցի ընդհանուր գեմատոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Մասչանը Երևանում անվճար կհետազոտի երեխաներին: Բժիշկը Հայաստան կժամանի «Դու մենակ չես, միասին մենք կհաղթենք» խորագրով ակցիայի շրջանակներում: Փառատոնում նաև նոր անվանակարգ է ստեղծվել` «Ես իրավունքներ ունեմ», որի ժյուրիի նախագահը Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանն է:
Մանկապատանեկան ֆիլմերի VI փառատոնը կկայանա հոկտեմբերի 12-ից 16-ը` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի ավարտին Հայաստանի մարզերում ֆիլմերի 40-օրյա ցուցադրություն կկազմակերպվի: