AM
20 October 2010 - 13:12 AMT

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչով դիմել է ԼՂՀ-ի ու Ադրբեջանի իր պաշտոնակիցներին

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին և Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային: Նամակում մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով, որ մարդու իրավունքները և հումանիզմը պետք է վեր լինեն ցանկացած այլ նկատառումներից, կարծում եմ, որ ճիշտ կլիներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերեին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին հայի և ադրբեջանցների դիակների վերադարձման համար:

Կոչ եմ անում և հորդորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանու-թյուններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի և Մուբարիզ Իբրահիմովի դիակները»: «Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել և պահանջել իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահվան պատճառները: Կոչ եմ անում նաև միջոցներ ձեռնարկել Մանվել Սարիբեկյանի դիակը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործում:

Ես` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը»,-ասվում է նամակում: