AM
22 Հոկտեմբեր 2010 - 10:53 AMT

Երևանում ԵԽ համաժողովի արդյունքները՝ իշխանությունների սին հույսերն ու ընդդիմության խորը հիասթափությունը

Ցավոք, ոչ հայկական քաղաքական ուժերը, ոչ հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները չկարողացան հասկանալ, որ այդ համաժողովի անցկացումն Երևանում բոլորովին էլ չի նշանակում, թե ԵԽ-ն Հայաստանը առաջատար երկիր է համարում, ինչպես ակնկալում էին իշխանությունները, սակայն չի էլ շտապում մեղադրել իշխանություններին բոլոր մահացու մեղքերի համար, ինչպես դա կցանկանար ընդդիմությունը, մասնավորապես, ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ու կողմնակիցները:

Արդյունքում և իշխանությունները, և ընդդիմությունը հերթական հիասթափությունն ապրեցին: ԵԽ-ն չի կարողանա մեկ գիշերվա մեջ ժողովրդավարություն հաստատել Հայաստանում, ինչպես հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղարը, հետևաբար, պետք չէ սին պատրանքներ տածել և մոլորեցնել հանրությանը ԵԽ գործառույթների ու խնդիրների վերաբերյալ:

ԵԽ գլխավոր քարտուղարը, հանդես գալով Երևանում, հստակ ուղերձ հղեց «բարիկադի երկու կողմերին»՝ կազմակերպությունը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, այսինքն՝ կարգ ու կանոնը մեր երկրում մենք պետք է հաստատենք, չսպասելով դրսի օգնության: