Դեկտեմբերի 3-ին Երևանում տեղի կունենա սենսացիոն իրադարձություն. հայկական բեմում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոն: Մեծ երգչի համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» XI միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
Հանրահայտ տենորի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Երևանյան հեռանկարներ» XI միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, մեծ տենորի համերգի դիրիժորը կլինի Իսրայել Գուրսկին: Երգչի հետ միասին ելույթ կունենա նաև հանրահայտ երգչուհի, «Գրեմմիի» մրցանակակիր Աննա Մարիա Մարտինեզը:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն ընթանում էր «XXI դարի հեռանկարները » խորագրով: Փառատոնը հիմնադրվել է 2000 թվականին: Եվրոպական փառատոնային ասոցացիայի պահանջով «XXI դարի հեռանկարները» փառատոնը սկսեց կոչվել «Երևանյան հեռանկարներ»` կապված փառատոնի անցկացման վայրի հետ: Փառատոնն ընթանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: XI միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանում սեպտեմբերի 22-ին Երևանում առաջին անգամ ելույթ ունեցավ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը: