AM
26 October 2010 - 15:36 AMT

Հաջողակ գովազդը` անակնկալն է

(?) Ինչպիսի՞ն պետք է լինի հաջողակ գովազդը:

(!) Հաջողակ գովազդը պետք է գրավի և հիշվի, հաճախ` զարմացնի: Այն պետք է երկխոսության մեջ մտնի սպառողի հետ և համապատասխանի մշակութային և հոգևոր զարգացմանը: Այն պետք է լինի նոր և անսպասելի: Հաջողակ գովազդը անակնկալն է, և, ամենից առաջ, հաճելի անակնկալը:

(?) Աշխարհի ինչպիսի՞ երկրներ են այսօր թելադրում գովազդային դիզայնի միտումները:

(!) Միտումներ կարող են թելադրել միայն այն երկրները, որոնք առանց ընդմիջումների մշակութային զարգացման պատմական փորձ ունեն: Գրեթե բոլոր եվրոպական երկրներն ունեն վիզուալ ընկալման յուրօրինակ ոճ և ուրիշին ընդօրինակելու կարիք չունեն: Որքան երկար եմ ես աշխատում գովազդային դիզայնի ոլորտում, այնքան նուրբ եմ զգում այդ ազգային առանձնահատկությունները: Ես միշտ չէ, որ կարող եմ բացատրել տարբերությունները, բայց շատ հաճախ կարող եմ գուշակել, թե որ երկրում է կատարվել այս կամ այն աշխատանքը: Արևմուտքում միտումների հարցով հետաքրքրվում են միայն այն գովազդային գործակալությունները, որոնք աշխատանքը կոնվեյերի վրա են դնում, և նրանք ժամանակ չունեն խորը զգալու և մտածելու համար:

(?) «Լուցկի» օրացույցը դարձել է Ձեր այցեքարտը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ աշխատանքներ են ամենաշատն արտացոլում Ձեր ոճը:

(!) Շատ բարդ հարց է, քանի որ ես չեմ վերլուծում իմ ոճը: Ես այդքան հետաքրքիր չեմ ինքս ինձ: Ինձ դուր չեն գալիս այն դիզայներները և գովազդային գործիչները, որոնք իրենց ոճն ունեն, թեև նրանց համար հեշտ է իրենց աշխատանքը վաճառելը, իսկ հաճախորդը հստակ գիտի, թե ինչ կարելի է նրանից սպասել: Ես մշտապես որոնումների մեջ եմ և տարբեր նախագծերի համար տարբեր լուծումներ եմ փնտրում: Ինձ համար միշտ հետաքրքիր է, որ իմ յուրաքանչյուր նախագիծ ունենա իր սեփական ձեռագիրը: Միակ բանը, որը միավորում է իմ բոլոր աշխատանքները, հստակ հիմնավորված գաղափարն է և մանրակրկիտ մտածված լուծումը:

(?) Ինպիսի՞ հիմնական գործոններ են խոչընդոտում գովազդի շուկայի զարգացմանը հետխորհրդային տարածքում:

(!) Հիմնական գործոնը ցածր մրցակցությունն է կամ դրա բացակայությունը և ապրանքներն իրական արտադրողների փոքր քանակությունը: Շատ հաճախորդներ իրականում շահագրգռված չեն որակյալ գովազդով, քանի որ դա նրանց պետք չէ կամ նրանք դեռ չեն բախվել նրա արժեքը գիտակցելու անհրաժեշտության հետ:

(?) «Պոպոք» փառատոնում առանձին գնահատվելու է սոցիալական գովազդը, որքանո՞վ է Ձեզ հետաքրքրում գործունեության այդ ոլորտը:

(!) Գործունեության ցանկացած ոլորտ հետաքրքրիր է, եթե ամեն ինչ արվում է խելքով և սրտով: Տեղին և ոչ շինծու սոցիալական գովազդն առողջ հասարակության կարևոր ցուցանիշն է: Ցավոք սրտի, այդ ոլորտը հաճախ շահագործվում է ինքնագովազդի համար`դրանով հանդերձ արժեզրկելով նրա նշանակությունը:

(?) Այս փառատոնի խորհրդանիշն ընկույզն է, ինչպե՞ս եք կարծում, ինչպիսի՞ն կլինի նրա միջուկը:

(!) Միանգամից հարց է ծագում. «Իսկ Դուք պատրաստվո՞ւմ եք հաջորդ տարի փոխել խորհրդանիշը: Ինչո՞ւ»: Ընկույզը շատ դրական կերպար է, որը կարելի է խաղարկել անսահման միջոցներով: Երբ ես լսում եմ «ընկույզ» բառը, ապա անպայման պատկերացնում եմ այն հասած և համեղ: Հայկական բառի լատիներեն գրադարձությունը` Popok, շատ գրավիչ է: Ես համոզված եմ, որ փառատոնի խորհրդանիշը բավական հաջող է ընտրված:

(?) Ինչպիսի՞ թեմայով է լինելու Երևանում Ձեր վարպետության դասը:

(!) Ես անվանել եմ իմ վարպետության դասը «Լոգոսկազկի» և պատրաստվում եմ խոսել լոգոտիպերի` որպես ապրանքանիշի գլխավոր բաղադրիչի մասին: Ես կփորձեմ հնարավորինս մանրամասն նկարագրել լոգոտիպի մշակման գործընթացը խնդիրն առաջադրելու պահից մինչև նրա իմաստավորում և ավարտուն տարբերակի հաստատում` ներառյալ յուրաքանչյուր փուլի վերլուծությունը: Այս դասը հետաքրքրիր կլինի ինչպես դիզայներներին և արտ-տնօրեններին, այնպես էլ գործակալությունների մենեջերներին, շուկայագետներին և, իհարկե, հաճախորդներին: