«Ժառանգություն» խմբակցությունը վերջին անգամ հետաձգեց «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը: «Այսինքն, մենք այլևս մտադիր չենք դա անել և դեկտեմբերի 9-ը վերջին ժամկետն է: Դա Հայաստանի նոր ազգային քաղաքականության յուրօրինակ սկիզբ կհանդիսանա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, նույնիսկ եթե կոալիցիան իր հայտարարության համաձայն չմասնակցի քվեարկությանը, ապա մյուս խորհրդարանական խմբակցությունները կողմ կքվեարկեն ԼՂՀ անկախության ճանաչմանը: «Ես համաձայն չեն նաև քաղաքական մեծամասնության այն հայտարարությանը, թե ճանաչումը պետք է լինի վերջին ակտը, որին հայկական կողմը կդիմի բանակցությունների ձախողման դեպքում»,-նշել է նա՝ հավելելով, որ ճանաչումը չի կարող լոկ մարտավարական քայլ լինել, այն դե-յուրե կամրագրի առկա իրավիճակը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կոչ է արել չվախենալ ԼՂՀ անկախության ճանաչումից և միջազգային հանրության արձագանքից: «Հայաստանն ինքը պետք է փոխի իրավիճակը և բեկում մտցնի ղարաբաղյան կարգավորման տրամաբանության մեջ»,-ասել է նա:






