AM
4 Նոյեմբեր 2010 - 12:37 AMT

ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային։

ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց պաշտոնավարման ընթացքում` վստահություն հայտնելով, որ պարոն Կուխտայի գործունեությունը կնպաստի հայ-ուկրաինական ավանդական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը եւ խորացմանը: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ փոխգործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:

Ուկրաինայի նորանշանակ դեսպանը, ով առաջին անգամ է Հայաստանում, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս նպաստել պատմականորեն ձեւավորված ուկրաինահայկական բարեկամական կապերի զարգացմանը բոլոր ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը: