Հայաստանը երբեք չի եղել Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, 5 տարվա ընթացքում այդ ցուցակը փոփոխվել է, սակայն Հայաստանը նախորդ տարիներին ևս չի եղել այդ ցուցակում: Հայ փորձագետը նշել է, որ դա ընդամենը PR ակցիա է Անկարայի կողմից, որն ուղղված է Իսրայելի դեմ: «Մյուս կողմից, իր որոշմամբ Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ խաղաղություն է ուզում, որ հանդուրժող երկիր է»,-ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Իր հերթին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտին կից վիրտուալ հայագիտության ու տեղեկատվության բաժնի քարտուղար Ալիկ Ղարիբյանը համաձայնվել է Մելիք-Շահնազարյանի հետ այն հարցում, որ Հայաստանը չի ընդգրկվել Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում, ընդամենը PR ակցիա է: «Թուրքիայի քաղաքականությունը երբեք Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը փոխելու հարց չի դրել իր առջև»,-ասել է նա:






