«Հավանաբար, ուրբաթ օրը հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի երկու վերականգնված որմնանկարները կտեղադրվեն ՀՀ կառավարության շենքում»,-նոյեմբերի 9-ին լրագրողներին է ասել Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար Սոնա Հարությունյանը: Սակայն, ըստ նրա, ևս մեկ շաբաթ կպահանջվի աշխատանքներն լիովին ավարտին հասցնելու համար:
Հարությունյանը նշել է, որ հանրությանն անպայման հնարավորություն կընձեռվի տեսնել մեծանուն նկարչի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» աշխատանքները:
Իր հերթին իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Յակոբինին, որն աշխատել է որմնանկարների վրա, նշել է, որ մեծ վարպետի գործերը լիովին համապատասխանում են իր սկզբնական տեսքին: «Վերականգնման աշխատանքները գրեթե ավարտված են, մնում են միայն վերջին շտրիխները: Փոփոխություններն այնքան աննշան են, որ դրանք կարելի է նույնիսկ անտեսել»,-ասել է իտալացի փորձագետը:
Ջաջուռում Մինասի թանգարանի տնօրեն, »Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը հավելել է, որ վերականգնման աշխատանքները փայլուն են կատարվել:
Ըստ Սոնա Հարությունյանի, «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները վերաբերվում են 1973թ. աշխատանքներին: Նա հավելել է, որ որմնանկարների վերականգնումը տևեց գրեթե 4 ամիս և 20 մլն դրամ արժեցավ: