AM
11 November 2010 - 15:11 AMT

Հայաստանում իսկական հոգևոր պատերազմ է ընթանում

Պետությունը պետք է անհապաղ հսկողության տակ վերցնի Հայաստանի աղանդավորական կազմակերպությունները: Այդ մասին «Աղանդները` որպես սպանությունների ու ինքնասպանությունների պատճառ» թեմայով մամլո ասուլիսում հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: «Ամենաիսկական հոգևոր պատերազմը բռնկվել է այսօր մեր երկրում, իսկ պետությունը համառորեն չի ցանկանում դա նկատել»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով, ապակառուցողական աղանդներն իրենցից իսկական սպառնալիք են ներկայացնում, որը չարժե անտեսել:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում կրոնական կազմակերպությունների և դրանց անդամների մասին ճշգրիտ տվյալներ չկան, բայց նախնական տվյալներով երկրում մոտ 350 հազար աղանդավորներ կան, որոնցից 250 հազարը ապակառուցողական կազմակերպությունների ներկայացուցիչներ են: «Սակայն այսօր նրանք բոլորը միավորվում են»,- ավելացրեց նա: