AM
12 November 2010 - 09:29 AMT

Սյունիքում ուրանի հանքերի շահագործման դեմ 11 000 ստորագրություն է հավաքվել

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում նոյեմբերի 11-ին ուրանի հանքերի հետազոտման ու շահագործման դեմ կայացած խաղաղ արտոնված հանրահավաքին պատրաստվում էին շուրջ մի քանի ամիս: Այդ մասին նոյեմբերի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա, ստորագրահավաքը արդյունքում հավաքվել է 11 000 ստորագրություն:

«Կառավարությունը նոր միջուկային ծրագիր է իրականացնում՝ անտեսելով հանրության կարծիքը»,-ասել է նա, միաժամանակ ներկայացնելով կառավարության համապատասխան որոշումները, որ ուղղված են շրջակա միջավայրի քայքայմանը: Ավելին, Ինգա Զարաֆյանը որպես օրինակ բերել է ՌԴ կառավարության որոշումները, որտեղ նշվում է, որ հանքավայրերի հարևանությամբ ապրող մարդկանց շրջանում հիվանդությունների մակարդակը 28 տոկոսով բարձր է: «Լեռնաձորի բնակիչները չափազանց մտահոգված են և եթե հորատման աշխատանքներ սկսվեն, նրանք ուղղակի ստիպված կլինեն լքել տարածքը»,-ասել է նա:

Ինգա Զարաֆյանը հավելել է նաև, որ Հայաստանում արդեն կա 15 պոչամբար և թունաքիմիկատների երկու գերեզմանոց, ինչը չափազանց շատ է նման փոքր տարածքով երկրի համար: Ըստ նրա, իշխանությունները փորձում են հավաստիացնել, որ ոչ մի վտանգ չի սպառնում, սակայն նման աշխատանքները կհանգեցնեն ստորգետնյա ջրերի աղտոտման, իսկ ուրանի հանքավայրի շահագործումը լուրջ բնապահպանական հետևանքներ կունենա, քանի որ բոլոր ռադիոակտիվ նյութերը մնում են պոչամբարում: