AM
17 November 2010 - 12:57 AMT

Ուսանողությունը երկրի հասարակական կյանքի ակտիվ մասն է եւ ունի մտավոր մեծ ներուժ

Ուսանողությունը երկրի հասարակական կյանքի ակտիվ մասն է եւ ունի մտավոր մեծ ներուժ: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում նրանց անփոխարինելի նորարարի դեր է վերապահված: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Ուսանողության միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ձեզանից շատ բան է կախված, թե ինչպիսին կլինեն մեր երկրի տեղն ու դերը արագ փոփոխվող աշխարհում: Իսկ գիտակից երիտասարդություն ունեցող երկիրն ու ժողովուրդը վստահությամբ են նայում ապագային:

Երիտասարդության առավելությունն այն է, որ նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, ինչ- որ բանի հասնելու ձգտումը, ինչը հասարակության` առաջ շարժվելու վկայությունն է, որովհետեւ յուրաքանչյուր նոր սերունդ առաջընթացի, նոր գաղափարների կրողն է, իսկ երկիրն առանց գաղափարների չի կարող զարգանալ: Հասկանալով, որ երիտասարդությունն առաջ գնալու, հասարակությունը թարմացնելու կարեւորագույն գործոն է, պետությունն իր այսօրվա հնարավորության սահմաններում քայլեր է իրականացնում նրան առնչվող խնդիրների լուծման, աջակցության ուղղությամբ: Ազգային ժողովը շարունակելու է ամեն ինչ անել` ապահովելու անհրաժեշտ օրենսդրական դաշտ եւ իրավական բազա»:

«Համոզված եմ, որ համատեղ աշխատելու, խնդիրները միասին լուծելու ճանապարհին ուսանողությունը, որ այսօրվա երիտասարդության շարժիչ ուժն է, հնարավորություն կունենա իրագործել իր գաղափարները, գործնական ծրագրերի վերածել այն մտահղացումները, որ ունի»,-ասվում է Հովիկ Աբրահամյանի ուղերձում, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: