AM
18 Նոյեմբեր 2010 - 11:36 AMT

Սերգեյ Մինասյան. Միջազգային հանրությունը չի հավատում Բաքվի ռազմական շանտաժին

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի Աստրախանի հանդիպման հիմնական նպատակն էր մթնոլորտ նախապատրաստել Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, ՌԴ-ի համար կարևոր է, որ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցնի: Անդրադառնալով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովին՝ Մինասյանն ասել է, որ կզարմանա, եթե գագաթնաժողովի շրջանակներում որևէ փաստաթուղթ ստորագրվի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Սակայն, եթե այնուամենայնիվ որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա դրա նպատակը կլինի ստատուս-կվոյի արձանագրումն ու ամրագրումը տարածաշրջանում»,-ասել է նա:

Անդրադառնալով նրան, որ վերջերս հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը Ադրբեջանի ու Արցախի ԶՈւ շփման գծում նվազել են, փորձագետն ասել է, որ մի շարք անհաջող դիվերսիոն հարձակումներից հետո Ադրբեջանը հասկացավ, որ նման քաղաքականության շարունակումը քաղաքական դիվիդենտներ չի բերի: Ըստ նրա, դա կարող է կապված լինել նաև միջազգային հանրության ճնշման հետ:

Մեկնաբանելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները՝ Մինասյանն ասել է, որ դա Բաքվի ճնշման ռացիոնալ ռեսուրսն է ինչպես Երևանի, այնպես էլ միջազգային հանրության վրա՚: «Ավելին, դա ադրբեջանի ճնշման միակ ռեսուրսն է ղարաբաղյան հարցում»,-ասել է նա: Ըստ նրա, Բաքուն ռազմատենչ հայտարարություններով ցանկանում է ցույց տալ, որ ստեղծված վիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում իրեն չի գոհացնում: «Սակայն, այն, որ նա խոսում է, բայց չի գործում, վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը չի հավատում Բաքվի ռազմական շանտաժին»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ մյուս կողմից, միջազգային հանրությունը ճնշում է գործադրում նրա վրա՝ ստիպելով մնալ խաղի կանոնների շրջանակներում: «Ռազմական գործողությունների չվերսկսման հիմնական երաշխիքը ռազմաքաղաքական բալանսն է»,-ասել է նա: