AM
22 November 2010 - 13:41 AMT

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին

Նոյեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Նորին Սրբությունն անդրադարձավ այն կարևոր ծառայությանը, որ դեսպանատունը կատարում է երկու բարեկամ երկրների հարաբերությունների սերտացման, զորացման և հետագա զարգացման համար: Հայոց Հայրապետն երախտագիտությամբ խոսեց նաև հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի առանձնահատուկ վերաբերմունքի մասին` մասնավորապես անդրադառնալով Ֆրանսիայի վճռական կեցվածքին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

Անրի Ռենոն իր հերթին նշեց, որ հայկական եկեղեցին հայ ժողովրդի ինքնության հզոր տարրերից մեկն է, որի զորեղ ուժով և դարավոր մաքառումների գնով է պայմանավորված հայ ազգի գոյությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայկական եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին, Ֆրանսիայի հայոց թեմին և հայ համայնքի կյանքին:

Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը դեսպանին մաղթեց բարի առաքելություն Հայաստանում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: