Մինաս Ավետիսյանի երկու՝ «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները նոյեմբերի 24-ին տեղափոխվեցին Հայաստանի կառավարության շենքի նիստերի դահլիճ:
«Սա այն դեպքն է, երբ մենք կարող ենք ասել, որ պատմությունն է տալիս մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների գնահատականը»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Ըստ նրա, տեղադրելով այս շենքում Մինասի աշխատանքները կառավարությունն այդպիսով իր վերաբերմունքն է հայտնում արվեստի արժեքների հանդեպ ընդհանրապես և Մինասի աշխատանքների հանդեպ մասնավորապես:
«Երբ Մինաս Ավետիսյանը Լենինականի (Գյումրի) էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանում ստեղծում էր իր ստեղծագործությունները, նա, հավանաբար, չէր էլ պատկերացնում, որ ժամանակին դրանք կհայտնվեն Հայաստանի կառավարության շենքում և կդառնան արվեստի իսկական գլուխգործոցներ»,-նշել է վարչապետը:
Նա հավելել է նաև, որ, հավանաբար, ժամանակի հետ որմնանկարներն այլ տեղ տեղափոխվեն, սակայն, «այդ վայրը պետք է այնպիսին լինի, որ արժանի լինի ընդունել այդ հիասքանչ գործերը»: «Իսկ քանի դեռ որմնանկարները այստեղ են, մենք այնպես կանենք, որպեսզի դրանք մատչելի լինեն հանրությանը»,-նշել է Տիգրան Սարգսյանը: