Այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը չի ընդունվել հանրաքվեով, ունի նաեւ իր դրական կողմը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, հիմնական խնդիրը նրանում է, որ երկրի հանրությունը ծանոթ չէր բարեփոխումների էությանը: Բացի այդ, ավելացրել է խորհրդարանականը, երկրի իշխանությունները սահմանադրական բարեփոոխւմների փաթեթը վերամշակելու եւ որոշակի փոփոխություններ մտցնելու անհրաժեշտ ժամանակ կունենան: Մասնավորապես, գտնում է նա, անհրաժեշտ է վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը եւ մեծամասնական ընտրակարգը, քանի որ այն ամբողջությամբ սպառել է իրեն: Միեւնույն ժամանակ, ինչպես գտնում է Հ.Հովհաննիսյանը, սահմնադրական բարեփոխումների փաթեթը ավելի մոտ է արեւմտյան չափանիշներին, քան գործող Սահմանադրությունը: Իր հերթին մեկնաբանելով հանրաքվեի նախնական արդյունքները` Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ նման արդյունքը կանխատեսելի էր դեռեւս հանրաքվեի նախօրեին, քանի որ ընդդիմությունն ակտիվորեն խաղարկում էր սահմանադրական ուղղումների մերժման «խաղաքարտը»: Դրանից բացի, նրա կարծիքով, դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ երկրի քաղաքական ուժերի մեծ մասը գրեթե անտեսել են քվեարկությունը` մտահոգված լինելով միայն խորհրդարանական ընտրություններով: Այնուամենայնիվ, նույնիսկ նման արդյունքով հանրաքվեն եւս մեկ քայլ է երկրում ժողովրդավարության հաստատման ճանապարհին, եւ լայն քննարկումները այդ թեմայով կշարունակվեն, նշել է Սահակյանը: Մեկ այլ քաղաքական գործիչ, տվյալ նախագծի ամենաակտիվ ընդդիմախոսներից մեկը եւ սահմանադրական փոխոխությունների այլընտրանքային փաթեթի հեղինակ Շավարշ Քոչարյանը հայտարարել է «Արմինֆո» գործակալությունը, որ սահմանադրությունում ուղղումներ մտցնելու ձախողման գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ իշխանություններն իրենց առջեւ «հանրաքվեն անցկացնելու» խնդիր չէին դրել, քանի որ այդ դեպքում «իրենք ստիպված կլինեին արհեստականորեն բարձրացնել մայիսի 25-ին կայացած քվեարկության մասնակիցների թիվը եւս մի քանի հարյուր հազարով», ինչն անխուսափելիորեն կանդրադառնար նաեւ Ազգային ժողովի ընտրությունների վրա: Շ.Քոչարյանը նաեւ հիշեցրել է, որ իր կողմից առաջարկված սահմանադրական ուղղումների փաթեթը, որի հիմնական բովանդակությունը կառավարման խորհրդարանական ձեւին անցնելն է, շարունակում է մնալ օրակարգում եւ, ինքնաբերաբար, կառաջարկվի նոր խորհրդարանի հաստատմանը: