AM
7 December 2010 - 10:46 AMT

Հոգեբան. Ավերիչ աղետից հետո բնակչության 3-9 տոկոսի մոտ առաջանում է հետտրավմատիկ սթրես

«Այնպիսի ավերիչ աղետներից հետո, ինչպիսին էր 1988թ. երկրաշարժը, բնակչության 3-9 տոկոսի մոտ առաջանում է հետտրավմատիկ սթրես: Նման դեպքում տուժածը չի կարողանում ինքնուրույն դուրս գալ այդ վիճակից, անհրաժեշտ է մասնագետների օգնություն»,-դեկտեմբերի 7-ի մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ նրա, «չնայած նրան, որ մարդը բնության ամենախոցելի էակն է, նա սթրեսներին դիմակայելու հսկայական ներուժ ունի»: «Սովորաբար մարդկանց շուրջ 80 տոկոսը կարողանում է ինքնուրույն հաղթահարել սթրեսը: Սակայն, վերջնականապես ձերբազատվել հետևանքներից հնարավոր չէ»,-ասել է Նալչաջյանը:

Իր հերթին «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ներկայացնելով երկրաշարժից տուժած Արթուր Գրիգորյանին ու Գարուշ Դանիելյանին, ասել է, որ «նրանք վառ օրինակն են այն բանի, թե ինչպես են մարդիկ կարողացել վերականգնվել վերապրածից հետո»: «Նրանք կարողացել են ձերբազատվել թերարժեքության բարդույթից և մարզիկներ են, որոնք արժանիորեն են ներկայացնում մեր երկիրը միջազգային մրցաշարերում»,-ասել է Աբրահամյանը:

Իր հերթին, Արթուր Գրիգորյանը նշել է, որ «Փյունիկի» շնորհիվ իրենք ուժ գտան պայքարելու և հավելեց. «Երկրաշարժը վերք է, որը ժամանակը թեև բուժել է, սակայն սպին մնացել է և մշտապես կմնա: Եթե ավելի շատ աշխատատեղեր լինեին, մարդիկ, աշխատելով, իրենց կզգային հանրության լիարժեք անդամներ»: