AM
11 June 2001 - 17:34 AMT

Գ.ՍԵԼԵԶՆՅՈՎ. «ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ` ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ»

. Չնայած Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովի այցելության ծրագրով որեւէ փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէր, երեկ Գենադի Սելեզնյովը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը ստորագրեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին հայտարարություն: Համատեղ ասուլիսի ժամանակ երկու երկրների խորհրդարանների նախագահները այցելության արդյումքները գնահատեցին որպես «շատ արդյունավետ»: Գ. Սելեզնյովը պատմեց նախագահի հետ հանդիպման մասին, որի ընթացքում մասնավորապես քննարկվել էին ռազմաքաղաքական հարաբերություններին վերաբերվող հարցեր, «Կովկաս» նավահանգստի միջոցով լաստանավային կապի ապահովման հեռանկարները, ինչպես նաեւ Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության հնարավորությունը: Խոսելով հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման մասին, Գ.Սելեզնյովն ասաց. «Հայաստանում են մեր սահմանապահ զորքերը: Սա նշանակում է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ` ոտնձգություն է նաեւ Ռուսաստանի դեմ»: