2011թ. գարնանը կստեղծվի ԱՊՀ անդամ երկրների նախագահական վերահսկողական ծառայությունների միասնական կառույց, դեկտեմբերի 24-ին լրագրողներին է ասել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Ըստ նրա, վերջին շրջանում տեղի ունեցան ՀՀ և ՌԴ նախագահական վերահսկողական ծառայությունների ղեկավարների համատեղ այցերը, որոնց շրջանակներում համատեղ ծրագրեր են նախատեսված, ավելին, առաջիկայում նախատեսվում է համագործակցության մասին հուշագրի ստորագրում Բելառուսի հետ: «Մենք փորձում ենք ԱՊՀ երկրների մասնակցությամբ ստեղծել միասնական կազմակերպություն ՀԱՊԿ օրինակով, որը կգործի տեղեկատվության ու փորձի փոխանակման հիման վրա»,-ասել է նա: Այս նախաձեռնության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը: «Կա կոնկրետ պայմանավորվածություն նման կառույցի ստեղծման մասին, սակայն, թե որ երկրները կանդամակցեն դրան, դեռ հայտնի չէ»,-ասել է նա:






