2010թ. դեկտեմբերի տվյալներով ՀՀ քաղաքացիներից և արտերկրից նախագահի հասցեին շուրջ 10 000 դիմում-բողոք է ստացվել, դեկտեմբերի 24-ին լրագրողներին է հայտնել ՀՀ նախագահին կից վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: «Դա առկա խնդիրների հանդեպ վերջին երկու տարում ծառայության համակարգված մոտեցման հետևանքն է, ինչպես նաև կանխարգելիչ միջոցների կիրառումը»,-նշել է նա: Ըստ ծառայության ղեկավարի, 2009թ. նախագահի անունով ստացվել է 15 000 դիմում-բողոք՝ 2008-ի 13 000-ի դիմաց և 2007թ. 4 000-ի դիմաց: Դիմումների մեծ մասը՝ 41 տոկոսը Երևանից է, 21 տոկոսը՝ Շիրակի մարզից, 7 տոկոսը՝ Լոռու մարզից, 4,9 տոկոսը՝ Արմավիրից և 3,7 տոկոսը՝ արտերկրից:
Ինչպես ասել է Հովհաննես Հովսեփյանը, դիմում-բողոքների 28 տոկոսը դրական լուծում է ստացել, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Նա նշել է, որ դիմումների միայն կեսն ունի իրական բնույթ, մնացածը (18,4 տոկոս) կամ չի համապատասխանում իրականությանը, կամ լուծում չունի, 24 տոկոս են կազմում ֆինանսական աջակցության խնդրանքով դիմումները: Իր բնույթով դիմումներն ունեն հետևյալ բաշխումը՝ քաղաքացիական-իրավական հարաբերություններին բաժին է ընկնում 24 տոկոսը, քաղաքացիների 10,5 տոկոսը դիմել է հանրակացարանով ապահովելու խնդրանքով, 5,7 տոկոսը՝ դիմել են ավանդների փոխհատուցման հարցով, դիմումների 7,7 տոկոսը վերաբերում է առողջապահության, կրթության ու գիտության ոլորտներին:
Հովսեփյանն ասել է նաև, որ շուրջ 5000 դիմողներ ստացել են անհրաժեշտ պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ: Նա ուշադրություն է հրավիրել աննախադեպ դեպքի վրա՝ նախագահի հասցեին ստացվել են շնորհակալագրեր, որոնք կազմել են 5,5 տոկոս: 2010թ. վերահսկողական ծառայությունն ընդունել է 4 200 քաղաքացու, ավելին, կա նախագահի հանձնարարականը, որպեսզի ամեն ամիս նախարարություններում քաղաքացիների ընդունելություն կազմակերպվի և լուծվեն նրանց խնդիրները: «Ես ամեն օր ընդունում եմ 3 հոգու»,-ասել է ծառայության ղեկավարը: