Ես քվեարկել եմ երկրի կայունության օգտին եւ, «իհարկե այն կուսակցություններից մեկի օգտին, որոնց հետ համագործակցում եմ, եւ որոնք աջակցում են իմ ծրագրերի իրականացմանը»: Այդ մասին մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում նա ընդգծել է, որ հասարակությունը ճիշտ քայլ կկատարի` քվեարկելով այսօր հանրաքվեի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների օգտին: «Իհարկե, դժվար կլինի այդքան «կողմ» հավաքել Հիմնական օրենքի նոր խմբագրության օգտին, եւ այնուամենայնիվ, եթե փոփոխությունները չընդունվեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, եւ երկիրը կշարունակի ապրել հին Սահմանադրությամբ», – նշել է նախագահը: