Երկպալատանի խորհրդարանի ներմուծումը Հայաստանում տևական խորհրդակցություններ և քննարկումներ է պահանջում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը: Ըստ նրա, նախատեսվող ուղղումները Սահմանադրության մեջ լուրջ քայլ են և ենթադրում են բարդ և տևական գործընթաց:
«Նման որոշում կայացնելու համար, անկասկած, պետք է անցկացվեն հասարակական քննարկումներ և մասնագիտական հետազոտություններ: Երկպալատանի խորհրդարանն առաջարկություններից մեկն է, որն արժանի է քննարկման ի թիվս այլ առաջարկների»,-ասել է Արզումանյանը՝ հավելելով, որ դեռևս 2010թ. մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման ուղիները: Այն ժամանակ Խորհրդի անդամներին առաջրկվեց համապատասխան առաջարկներով հանդես գալ մեկ տարի անց:
Կալիֆորնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ «Հայաստանի նախագահը գտնում է, որ Սփյուռքի ներկայացուցիչները պետք է ՀՀ կառավարության մաս կազմեն: Նա առաջարկել է նաև խորհրդարանը դարձնել երկպալատանի»:






