Փետրվարի 10-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հնդիկ նկարչուհի Բաբիտա Բիսվասի կտավների ցուցադրությունը: Նկարչուհին ստեղծագործում է հնդկական ժողովրդական Վարլի ոճում: «Անմահ սիրո ասք» խորագրով ցուցահանդեսը տևելու է փետրվարի 10-20-ը:
Ցուցահանդեսը նախաձեռնվել և իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության կողմից: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրան, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, նաև նկարչուհին: Ինչպես նշեց Բաբիտա Բիսվասը, վերջինս անդավաճան է մնացել Վարլի ոճի նկարչության սկզբունքներին` կտավներում գերիշխող տեղ հատկացնելով սպիտակ գույնին:
42-ամյա նկարչուհին վարլի ժողորվրդական ոճում սկսել է ստեղծագործել 1990 թ.-ից, ունեցել մի շարք անհատական ցուցահանդեսներ, արժանացել բազում մրցանակների:
Բաբիտա Բիսվասը նկարում է Վարլի ոճով` պատկերելով հնդկական առասպելաբանության հայտնի կերպար Կրիշնային և հաղորդելով անմահ սիրո ասքը: Նկարչության այս ոճն աշխարհում տարածում է գտել 30 տարի առաջ, սակայն ըստ փորձագետների այն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի:






