Փետրվարի 26-ին 21:30-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ 2011-ի երգի ընտրությունը: Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 70 երգերից ընտրել է լավագույն 4-ը: Կներկայացվեն Վահրամ Պետրոսյանի (Հայաստան), Մարտին Կեսիցիի (Գերմանիա), Ապրիկոտայի (Հայաստան) և Դեր Հովայի (Հայաստան) ստեղծագործությունները:
Երգը կընտրվի հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ 50/50 հարաբերակցությամբ: Առավելագույն ձայները հավաքած երգը կստանա «Եվրատեսիլ 2011»-ի ուղեգիր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք PanARMENIAN.Net-ի եվրատեսիլյան անդրադարձերում, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Էմմին:
«Եվրատեսիլ 2011» 56-րդ երգի մրցույթը տեղի կունենա մայիսի 10-14-ը գերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Երկու կիսաեզրափակիչները կայանալու են 2011-ի մայիսի 10-ին և 12-ին, եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին: Այս տարի եզրափակչում մրցելու են 25 երկրներ, ընդ որում երկար ընդմիջումից հետո մրցույթին մասնակցելու են Իտալիան, Սան Մարինոն և Ավստրիան:






