ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 17-19-ը կանցկացվի արդեն ավանդական դարձած «Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը»: Տոնավաճառը մեկնարկում է հայկական գրատպության 500 ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ, ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախախարարության պաշտոնական կայքը:
Տոնավաճառին կմասնակցեն հայաստանյան շուրջ 30 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները:
Տոնավաճառը աչքի կընկնի հետաքրքրական միջոցառումներով 3-18 տարեկան երեխաների, պատանիների, ինչպես նաև ծնողների, մանկավարժների ու գրադարանավարների համար:
Կկազմակերպվեն հանդիպումներ գրողների, առավելապես մանկագիրների հետ, կլինեն նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, հեքիաթապատումներ, տիկնիկային և թատերական ներկայացումներ, գրքերի նվիրատվություն և այլն:
Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 17-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Տոնավաճառի կազմակերպիչներն են Հրատարակիչների ազգային ասոցիացիան և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:






